BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բավարիան» շարունակում է զարմացնել

«Բավարիան»  շարունակում է զարմացնել
06.02.2015 | 13:08

Անցած օրերը եվրոպական ֆուտբոլային առաջատար հնգյակից երեքում նշանավորվեցին գավաթային, երկուսում` առաջնության հանդիպումներով: Առաջ անցնելով՝ նշենք, որ եղան բացառիկ դրամատիկ զարգացումներ: Խոսքը հավասարապես վերաբերում է ինչպես գավաթային, այնպես էլ առաջնության խաղերին: Ասենք նաև, որ եթե իսպանականում ընդամենը մեկ հանդիպում էր` տասնութերորդ տուրից մնացած, գերմանականում հերթականն էր ամբողջությամբ:

ԻՏԱԼԻԱ
Իտալական գավաթի մեկ քառորդում մրցեցին «Ռոման» ու «Ֆիորենտինան»: Առաջինում գրեթե ոչնչով աչքի չընկած հյուրերն անցկացրին ագրեսիվ երկրորդ խաղակես` դարպասը մի քանի անգամ գրավելու փայլուն հնարավորությամբ: Դրանցից արդյունավետ եղան երկուսը` շնորհիվ Մարիո Գոմեսի դուբլի, ինչն էլ «մանուշակների» առաջ բացեց կիսաեզրափակչի դռները:
Նշենք, որ «Ռոման» առաջնությունում էլ է հարաբերական անհաջողությունների շրջանում և այդպես շարունակելու դեպքում ձեռքից կարող է բաց թողնել ոչ միայն չեմպիոնության, այլև փոխչեմպիոնության համար պայքարելու հեռանկարը:
Մեկ քառորդի հաջորդ զույգը կազմել էին «Նապոլին» ու «Ինտերը»: Այստեղ հաղթողը որոշվեց խաղի վերջին րոպեներին՝ հավելյալ ժամանակահատվածում: Իգուաինի ջանքերով նեապոլցիներն առաջ անցան հաշվի մեջ` 1:0, ձեռք բերելով կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք:

ԱՆԳԼԻԱ
«Քեմբրիջի» հետ խաղում մեկ ութերորդում հանդես գալու իրավունքը նվաճեց «Մանչեստր Յունայթեդը»` առաջին հանդիպման 0:0-ից հետո այս անգամ հաղթելով 3:0 հաշվով: Պրեմիեր լիգայում հանդես եկողներից հիշատակենք նաև արտագնայում «Սանդերլենդի» հաղթանակը «Ֆուլհեմի» նկատմամբ (3:1):
Թերևս արժե փոքր-ինչ մանրամասն խոսել «Բոլտոնի» հետ «Լիվերպուլի» խաղից, որը թեև ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով` 2:1 հաշվով, սակայն կարող էր լինել միանգամայն անկանխատեսելին, եթե հավելյալ ժամանակում լիվերպուլցիները չկարողանային գրավել մրցակցի դարպասը: Դեպքերի տարօրինակ զուգադրմամբ գավաթային վերջին չորս հանդիպումներում Բրենդան Ռոջերսի թիմն անցկացրեց ծայրահեղ ծանր խաղեր, ու եթե առաջին երկուսի դրամատիկական զարգացումներն այս կամ այն կերպ հասկանալի էին, որովհետև մրցակիցը «Չելսին» էր, ապա «Բոլտոնը» ոչնչով կամ գրեթե ոչնչով աչքի չընկնող թիմ է, թեպետ այնքան էլ կոռեկտ չէ այսպես արտահայտվելը, մանավանդ, երբ խոսքը գավաթային խաղերի մասին է, ինչում առարկայնորեն ևս մեկ անգամ համոզվեցինք մասնավորապես նաև ֆրանսիականի գավաթայինում:

ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում ընթացիկ մրցաշրջանը հիմնովին ձախողած «Լիլը» դեմքը փրկելու հնարավորություն էր ստացել «Պարի Սեն Ժերմենի» հետ մրցակցությունում, սակայն չկարողացավ առիթն օգտագործել ու սեփական հարկի տակ զիջեց նվազագույն հաշվով: Եզրափակչում փարիզցիների հնարավոր մրցակցի հարցը վճռվեց «Մոնակո»-«Բաստիա» դիմակայությունում: Խաղի լարվածության մասին առարկայնորեն վկայում է այն, որ հիմնական ժամանակում կողմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը: Նշանակված լրացուցիչ ժամանակահատվածում դարպասի գրավում դարձյալ չարձանագրվեց: Հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Ֆրանսիայի առաջին լիգայում հանդես եկող ու չափից դուրս համեստ 16-րդ հորիզոնականում գտնվող «Բաստիային» հաջողվեց կոտրել անհամեմատ հեղինակավոր մրցակցի դիմադրությունը (7:6) ու նվաճել գավաթը երկրի գործող չեմպիոնների` «Պարի Սեն Ժերմենի» հետ վիճարկելու իրավունքը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Հետարձակուրդային առաջին խաղը «Բավարիան», գիտեք, անտանելի վատ անցկացրեց «Վոլֆսբուրգի» հետ ու պատժվեց 4:1 հաշվով, որքան էլ այդ խաղում հյուրի կարգավիճակով էր: Ռեաբիլիտացվելու փայլուն հնարավորություն էր հանդիպումը «Շալկեի» հետ, մանավանդ որ մյունխենցիները հանդես էին գալու սեփական հարկի տակ: Սակայն, ինչպես երևում է, նախորդ հանդիպման շորշոփը հիմնովին էր նստվածք տվել: Արդյունքը եղավ այն, որ բավարացիները բավարարվեցին մեկ միավորով` 1:1: Նմանատիպ հաշիվ գրանցվեց նաև «Այնտրախտ»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Առաջատար եռյակից, փաստորեն, միակ հաղթական հանդիպումն ունեցավ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Ճիշտ է, «Ֆրայբուրգը» զիջեց նվազագույն հաշվով, սակայն դրանից բնավ չի թերաժևորվում «Բորուսիայի» վաստակած երեք միավորը:
Քանի որ, կարծում ենք, հայ ֆուտբոլասերը դեռևս հետաքրքրությունը պահպանում է Դորտմունդի «Բորուսիայի» մրցելույթների նկատմամբ, նշենք «Աուգսբուրգի» հետ հանդիպման հաշիվը` 1:0, սակայն ոչ հօգուտ դորտմունդցիների, որոնց կազմում երկրորդ խաղակեսին դաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը: 19 միավորով դորտմունդցիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում անցած օրերը դադարի օրեր էին, և միակ խաղը` «Ռեալ»-Սևիլիա» դիմակայությունը, անցած տուրերից մնացած «նվեր» էր: Արքայական ակումբը հրաշալի հնարավորություն էր ստացել ոչ միայն չորս միավորով «Բարսելոնից» ռեալ առաջ լինելու, այլև մեզ ազատելու ամեն անգամվա հիշեցումից, որ պահուստում պակաս անցկացրած հանդիպում ունի: Խնդիրն այդ «Ռեալը» լուծեց դեռևս առաջին խաղակեսում` երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Ճիշտ է, հանդիպման ավարտին մոտ հյուրերին հաջողվեց գրավել Կասիլյասի պաշտպանած դարպասն ու որոշակիորեն պահպանել ինտրիգը, սակայն «Սևիլիային» ավելին անել չհաջողվեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ